9-12-րդ դասարանում սովորողի անհատական ուսումնական պլանի կազմման կարգ
Սովորողի անհատական ուսումնական պլանը (այսուհետ` պլան) ուսումնառության պայմանագրի հավելվածն է։ Այն կազմվում է ուսումնական չորս շրջանի համար` սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս՝ հաշվի առնելով դպրոցի ուսումնական պլանը, կրթահամալիրի, ավագ դպրոցի (այսուհետ՝ դպրոց) ուսումնական օրացույցները։ Անհատական պլանը սովորողը կազմում է ինքնուրույն կամ իր ընտրած խորհրդատուի հետ, համաձայնեցնում ծնողի հետ։ Պլանը հաստատում է դպրոցի ղեկավարը.
- առաջին շրջանի համար (սեպտեմբեր-հոկտեմբեր)՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը. առանձին սովորողների համար այդ ժամկետը կարող է երկարացվել մինչև օգոստոսի 20-ը.
- երկրորդ շրջանի համար (հունվար)՝ մինչև կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Ուսումնական ձմեռ» նախագծի սկիզբը.
- երրորդ շրջանի համար (փետրվար-մայիս)՝ մինչև հունվարի 20-ը.
- չորրորդ շրջանի համար (հունիս)՝ մինչև մայիսի 20-ը:
Ուսումնական տարվա այլ հատվածում դպրոցի ղեկավարը սովորողի անհատական պլանի փոփոխություն կարող է հաստատել` ընդունելով նրա հիմնավորված դիմումը, հիմավորումները մանկարվարժական խորհրդում քննարկելուց հետո։ Ուսումնական տարվա ընթացքում դպրոց ընդունվող սովորողի պլանը հաստատվում է մինչև նրա հետ ուսումնառության պայմանագիր կնքելը՝ ընթացիկ շրջանի համար, հաջորդ շրջանների համար՝ կարգի համաձայն:
Պլանի կառուցվածքը
Սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս շրջաններում պլանում ներառվում են`
- հանրակրթություն. որոշվում է հեղինակային կրթական ծրագրի հենքային ուսումնական պլանով.
- դպրոցական բաղկացուցիչ. հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանում առաջարկվող ցանկից` սովորողի ընտրությամբ դասընթացներ, ակումբներ, ուսումնական երկարաժամկետ նախագծեր.
- ինքնակրթություն, տնային ուսումնական աշխատանք (ընտրած դասընթացի, նախագծի, լրացուցիչ կրթության աշխատանք).
- լրացուցիչ կրթություն դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոնում կամ այլ հաստատությունում. այդ թվում՝ շտկողական աշխատանք, երկարացված օրվա ծրագիր։
Հունվարյան, հունիսյան պլանում ներառվում են ուսումնական նախագծեր`
- ստեղծագործական-հետազոտական
- ակումբային
- քաղաքացիական-էկոլոգիական
- արտադրական
- համերգային (երաժշտական-պարային)
- մարզական նախագիծ
- հայրենագիտական-ճամփորդական
- կրթական փոխանակման
- լրացուցիչ կրթության դասընթաց (նախագիծ)
Սեպտեմբեր-դեկտեմբերի անհատական պլանը կազմվում է ամառային ճամբարում, փետրվար-մայիսինը` հունվարյան ճամբարում։ Սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը կարող է լինել 32-36 ժամ։
Սովորողն ընտրում է
- հանրակրթական և ընտրությամբ դասընթացների առաջարկվող ծրագրերը,
- դասընթացը վարող ուսուցչին.
- պատանեկան ակումբ, ուսումնական երկարաժամկետ (շուրջտարյա) նախագիծ,
- մարզական ակումբ (ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզական ակումբի պարապմունքներն են. այլ հաստատությունում մարզական լրացուցիչ կրթություն ստացող սովորողը կարող է կրթահամալիրում մարզական ակումբ չընտրել)։
Լրացուցիչ կրթությունը հանրակրթության մեջ չընդգրկված ուսումնական գործունեություն է, արտադպրոցական կրթությունը, բուհի ընդունելության քննությունների նախապատրաստումը։
Կրթահամալիրում կամ այլ հաստատությունում լրացուցիչ կրթություն ընտրած սովորողը դպրոցի ղեկավարի համաձայնությամբ կարող է չընտրել ուսպլանում տրված ընտրությամբ դասընթացների ցանկից։ Դրա հիմնավորումը լրացուցիչ կրթությունից ունեցած հաջողությունն է, սովորողի մասնագիտական կողմնորոշումն է։ Սովորողը լրացուցիչ կրթության արդյունքները պարբերաբար ներկայացնում է կրթահամալիրում՝ անհատական-խմբային համերգի, ներկայացման, ցուցահանդեսի, իր ընտրած բնագավառի ամենամյա ստուգատեսի միջոցով։
Անհատական պլանի բոլոր բաղկացուցիչները գնահատվում են։