Սովորողի փոխադրման կարգ

Կարգը, հիմնավորումները

2021-2022 ուսումնական տարի

  1. Կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, միջին, ավագ դպրոցներում սովորողի ուսումնական առաջադիմությունը գնահատվում է նրա գործունեության բոլոր ձևերի արդյունքներով, այդ թվում՝
  2. ուսումնական առաջին, երրորդ շրջանների առկա, առցանց, հեռավար կազմակերպվող ուսումնական պարապմունքների տարբեր ձևեր, այդ թվում՝ ուսումնական նախագծեր, ճամփորդություններ.
  3. երկրորդ և չորրորդ ուսումնական շրջանների՝ հունվարյան և հունիսյան ուսումնական ճամբարների ուսումնական նախագծեր,
  4. հայրենագիտական, բնապահպանական, մարզական, ազգագրական, գյուղական, արշավախմբային, 9-11-րդ դասարաններում՝ նաև ռազմամարզական, այլ ճամբարներ, ստեղծագործական հավաքներ.
  5. ուսումնական օրացույցով որոշված շուրջտարյա-ամենամյա հանրակրթական ստուգատեսներ, փառատոներ, մարզատոներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ, արտադրությամբ ուսուցման նախագծեր, 9-12-րդ դասարաններում՝ մասնագիտական կողմնորոշման նախագծեր.
  6. լրացուցիչ կրթություն, այդ թվում՝ տնային ուսումնական աշխատանք, ինքնակրթության նախագծեր, առարկայական ֆլեշմոբներ, սովորողի նախասիրությունների զարգացման դասընթացներ, հանրապետական, միջազգային նախագծերի, կրթական փոխանակումների ծրագրերի, կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս լրացուցիչ կրթության այլ ձևերի մասնակցություն։
  7. Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները գրանցվում են նրա անհատական ուսումնական բլոգում (3-րդ դասարանից սկսած), դպրոցի էլեկտրոնային մատյաններում, արտացոլվում են ուսուցիչների, ուսումնական նախագծերի բլոգներում, դպրոցի, ուսումնական կենտրոնի, կրթահամալիրի կայքերում։
  8. Ուսումնական օրացույցով որոշված մայիսյան ամենամյա հավաքի և հունիսյան երկշաբաթյա ուսումնական ճամբարներում կազմակերպվող ամենամյա ստուգատեսների ժամանակ սովորողը ցուցադրում է ուսումնական տարվա ընթացքում իր ձեռքբերումները, ձևավորված-զարգացած կարողությունները, հմտությունները։
  9. Ուսումնական գործունեության արդյունքներով սովորողը կարող է պարգևատրվել, կրթահամալիրում սահմանված կարգով ամենամյա անվանական մրցանակ, կրթաթոշակ ստանալ։
  10. Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման՝ կիրառվող 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է սովորողի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս սովորողի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։ Սովորողը կարող է կրկնել նախորդ ուսումնական տարվա նյութը ծնողի դիմումի հիման վրա, մանկավարժական խորհրդի որոշումով, եթե նա երկար ժամանակ բացակայել է, և հնարավոր չի եղել նրա ուսուցումը կազմակերպել տնային, առցանց, հեռավար ձևերով։
  11. Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում 6-12-րդ դասարանում սովորողի 1-ին, 3-րդ շրջանների, տարեկան գնահատման արդյունքներն արտացոլվում են 10 միավորանոց համակարգով։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզից հանրապետության այլ դպրոց, արտերկիր տեղափոխվող 1-5-րդ դասարանցի սովորողի ուսումնական արդյունքները ներկայացվում են 10 միավորանոց համակարգով։
  12. Նախադպրոցական՝ «5 տարեկանների քառամյա ուսուցում» ծրագրի սովորողն իր, ծնողի, դասվարի համաձայնությամբ շարունակում է ուսումնառությունը ծրագրով ուսումնառության 2-րդ տարվա դասարանում կամ «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարանում։
  13. 1-3-րդ դասարանի սովորողը տեղափոխվում է հաջորդ դասարան սովորողի զարգացման որակական բնութագրի հիման վրա։ Երրորդ դասարանցին ունի ուսումնական բլոգ։ Երրորդ դասարանցին հունիսյան ճամբարում ցուցադրում է առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր կարողությունները։
  14. 4-րդ դասարանցին 5-րդ դասարան տեղափոխվում է իր ուսումնական բլոգում եղած ուսումնական նյութերի, ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի արդյունքների հիման վրա։ Հունիսյան ճամբարի ընթացքում չորրորդ դասարանցին ցուցադրում է տարբեր առարկաներից իր իմացությունը, հանրակրթական պետական չափորոշիչով որոշված՝ տարրական կրթական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովումը, լողալու, հեծանիվ վարելու,  առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր կարողությունների զարգացումը։
  15. 5-րդ դասարանցին 6-րդ դասարան տեղափոխվում է իր ուսումնական բլոգում եղած ուսումնական նյութերի, ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, այդ թվում՝ լրացուցիչ կրթության, մասնակցության արդյունքների  հիման վրա։ Հունիսյան ճամբարի ընթացքում հինգերորդ դասարանցին ցուցադրում է տարբեր առարկաներից, այդ թվում՝ իր ընտրած գործունեությունից, իմացությունը, առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր կարողությունների զարգացումը, ձայնային և տեսանյութեր ստեղծելու իր կարողությունը։
  16. 6-8-րդ դասարանցին հաջորդ դասարան տեղափոխվում է իր ուսումնական բլոգում եղած ուսումնական նյութերի, ուսումնական պարապմունքների այլ ձևերի, այդ թվում՝ նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության մասնակցության արդյունքների  հիման վրա։  Հունիսյան ճամբարի ընթացքում սովորողը ցուցադրում է տարբեր առարկաներից, այդ թվում՝ իր ընտրած գործունեությունից իմացությունը, առկա, առցանց, հեռավար ձևերով սովորելու իր հմտությունները, ձայնային և տեսանյութեր ստեղծելու իր կարողության զարգացումը։
  17. 9-րդ դասարանի շրջանավարտը ուսումնական օրացույցով որոշված տարեվերջյան «Ելք» ստուգատեսում (քննություն-ստուգարքներ) ներկայացնում է բլոգային առարկայական, նախագծային ներկայացում-պաշտպանություն, հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովում, մեդիագրագիտության հմտություններ։
    Սովորողն իր ընտրությամբ կարող է մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022թ. մարտի 287-ի N482-Ա/2 հրամանով որոշված ավարտական քննություններին։ Այդ քննությունները չընտրած սովորողների ավարտական փաստաթղթում քննական առարկաների միավորները տարեկան գնահատականներն են, որոնք համապատասխանեցվում են գնահատման 20 միավորանոց սանդղակին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի  28.05.2020թ. N 07-Ն հրամանում սահմանված կարգով.
    1. «4» -ը համարժեք է «9» միավորին,
    1. «5» -ը համարժեք է «11» միավորին,
    1. «6» -ը համարժեք է «13» միավորին,
    1. «7» -ը համարժեք է «15» միավորին,
    1. «8» -ը համարժեք է «17» միավորին,
    1. «9» -ը համարժեք է «19» միավորին,
    1. «10» -ը համարժեք է «20» միավորին։
  18. 10-11-րդ դասարանի սովորողը հաջորդ դասարան տեղափոխվում է ուսումնական գործունեության ընթացքում հավաքած կրեդիտների հիման վրա։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, նրա ոսումնական այլ գործունեության արդյունքներով, այդ թվում՝ նախագծերի, ստուգատեսների, ցուցահանդեսների, համերգների, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի մասնակցություն։ Սովորողը հունիսյան ճամբարի ընթացքում ցուցադրում է իր կարողունակությունները։
  19. Հեղինակային կրթական ծրագրով հեռավար ուսուցման 1-11-րդ դասարանի սովորողը հաջորդ դասարան փոխադրվում է, 4-րդ դասարանում՝ տարրական կրթական ծրագրի շրջանավարտի, 9-րդ դասարանում՝ հիմնական կրթական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ապահովումը ներկայացնում է սույն կարգով։
  20. 12-րդ դասարանի շրջանավարտի տարեկան գնահատանիշները նշանակվում են ուսումնական գործունեության արդյունքում հավաքած կրեդիտներով։ Կրեդիտ տրվում է սովորողի ուսումնական պլանով որոշված դասընթացների, սովորողի ուսումնական այլ գործունեությունների արդյունքների, այդ թվում՝ նախագծային, ստուգատեսների, ցուցահանդեսի, համերգի, փառատոների, ճամփորդությունների, ճամբարների, լրացուցիչ կրթության ծրագրերի։ Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ներկայացումը կազմակերպվում է «Ցտեսություն» շուրջտարյա նախագծով։
    Շրջանավարտն ավարտական վկայական է ստանում պետական ավարտական կամ միասնական քննությունների արդյունքներով։

Հավելված 2

Իրավական հիմքերը

  1. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

6.3) այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիր։
Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիր։

Հոդված 6.      Հանրակրթության պետական չափորոշիչը

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`
3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։

Հոդված 7.      Հանրակրթական ծրագրերը

1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն են, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները` ըստ կրթական աստիճանների:

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր (այսուհետ` հանրակրթական պետական ծրագիր):

Հանրակրթական պետական ծրագիրը ներառում է օրինակելի ուսումնական պլանը, առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, երաշխավորված դասագրքերի ցանկը, ծրագրի իրականացումն ապահովող իրավական այլ ակտեր:

Հոդված 16.     Սովորողների ընդունելությունը, փոխադրումը, տեղափոխումը և ազատումը

10. Սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 18.     Սովորողների գնահատումը և ատեստավորումը

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է ուսումնական հաստատությունը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

2. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

Հոդված 30.    Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

15) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը…

  1. Հանրակրթության պետական չափորոշիչ

IX. Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները

37. Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

42. Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

47. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

50. Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

51. 4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ 39-րդ կետում նշված կարգի, 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

52. Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

  1. Կրթահամալիրի կանոնադրություն (հաստատված է ՀՀ ԿԳ նախարարի 25.04.2003թ. N259-Ն հրամանով, պետական գրանցման վկայական N03Ա059272։ Փոփոխությունները կատարվել են ՀՀ ԿԳՆ 15․05․2017թ․ N 533-Ն հրամանով)

26. Կրթական ծրագրի ուսումնական պլանը, առարկայական ծրագրերը, ուսուցման կազմակերպման ձևերը, գնահատման համակարգը մշակվում են կրթական պետական չափորոշիչների, հենքային ուսումնական պլանների, կրթական ծրագրի չափորոշչի հիման վրա։

  1. ՀՀ պետական բյուջով որոշված դրամաշնորհային ծրագիր. 1146. «Հանրակրթության ծրագիր» ծրագրի 11014. «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում. հեղինակային կրթական ծրագրերի վերամշակում և իրականացում, անհատի օժտվածության զարգացման բաց համակարգ, ստեղծագործ անհատի կրթական պատվերի իրականացում»։

48. Խորհուրդը`

է) …. մասնաժողովի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրում իրագործվող ծրագրերը, հետազոտական և մեթոդական աշխատանքների թեմաները, մասնաճյուղերի ուսումնական պլանները։

  • Ուսումնական պլան
  • 1-3-րդ դասարանում սովորողի ուսումնական աշխատանքը գնահատվում է սահմանված կարգով՝ առանց գնահատանիշի: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերը. գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները ներկայացվում են նրա անհատական կամ դասարանի բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։ Երրորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Իմացումի հրճվանք» ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ներկայացման ստուգատես։ 
  • 4-5-րդ դասարանում ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով: 
    Գնահատումը կատարվում  է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։

Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:
Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Ելք-մուտք» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։

  • 6-12-րդ դասարանում սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։ 

Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքները (այդ թվում` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծերի, ուսումնական ճամփորդությունների, հայրենագիտական արշավների նյութեր, առաջադրանքների կատարում, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ուսումնական շրջանների  հաշվետվություններ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր): Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:

Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները, այդ թվում՝ 12-րդ դասարանցիների լրացուցիչ կրթության, ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում, համերգներում, մրցումներում:

8-րդ դասարանի վերջում կազմակերպվում է «Ելք» ստուգատես՝ 9-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցում։

9-րդ դասարանն ավարտողի ամփոփիչ գնահատումը սահմանված կարգով կազմակերպվում է «Ելք» ստուգատեսով։ 

  • Ուսումնառության պայմանագիր

7. Սովորողի ընթացիկ, ամփոփիչ գնահատումն իրականացվում է Ծրագրով նախատեսված ժամկետներում և սահմանված կարգով: 3-րդ, 5-րդ, 8-րդ դասարանի վերջում սահմանված կարգով անցկացվում են կրթական ծրագիրն ավարտողի ուսումնական կարողությունների ստուգատես։ 4-րդ դասարանի վերջում սահմանված կարգով անցկացվում են Սովորողի ուսումնական գործունեության արդյունքների ուսումնասիրություններ:

8. Ծրագրում Սովորողի փոխադրումը դասարանից դասարան կատարվում է սահմանված կարգով։

Աղբյուրը՝ Մանկավարժության լաբորատորիայի բլոգ


MSKH

Edit Delete