Ուսումնառության պայմանագրի լուծման կարգ

Ուսումնառության պայմանագիրը կարող է լուծվել պայմանագրի կողմերից մեկի` սովորողի (օրինական ներկայացուցչի) կամ դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ։

  1. Սովորողը (օրինական ներկայացուցիչը) նախաձեռնում է պայմանագրի լուծում.
  • Սովորողը (ընտանիքը) փոխում է բնակավայրը։ 
    Սովորողը (օրինական ներկայացուցիչը) առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր տեղակացնում է դպրոցի ղեկավարին, գրասենյակի ղեկավարին. նախադպրոցական կամ «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողի դեպքում՝ նաև դաստիարակին կամ դասվարին։
  • Դպրոցի կողմից պայմանագիրը խախտվում է։
    Սովորողը (օրինական ներկայացուցիչը) գրավոր դիմում է դպրոցի ղեկավարին՝ նշելով, թե պայմանագրային որ կետերն են խախտվել: Դպրոցի ղեկավարը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանում է սովորողին՝ նարկայացնելով մեկնաբանություններ և թերությունները ուղղելուն միտված գործողություններ, ժամանակացույց: Դպրոցի ղեկավարը սովորողի նամակը և իր պատասխանը ուղարկում է կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին: Եթե սովորողը համարում է, որ դպրոցի ղեկավարի գործողությունները բավարար կամ արդյունավետ չեն, դիմում է կրթահամալիրի տնօրենին։ Կրթահամալիրի տնօրենը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է հարցի քննարկում՝ սովորողի, դպրացի ղեկավարի և իր հրավիրած մասնագետների մասնակցությամբ: Եթե քննարկման արդյունքները սովորողին չեն բավարարում, վերջինս նախաձեռնում է պայմանագրի լուծում։
  • Իրականացվող ուսուցողական ծրագրի արդյունքները սովորողի (օրինական ներկայացուցչի) ակնկալիքներին չեն համապատասխանում։
    Որևէ պատճառով պայմանագիրն ընդհատելու որոշում կայացրած սովորողը (օրինական ներկայացուցիչը) դիմում է դպրոցի գրասենյակ։ Գրասենյակի ղեկավարն այդ մասին գրավոր տեղեկացնում է սովորողի դասավանդողներին, դպրոցի ղեկավարին, ընթերցավարին, կազմակերպչին, կրթահամալիրի գրադարանի ղեկավարին, հաշվապահությանը, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին, որպեսզի նրանք 48 ժամվա ընթացքում գրավոր ներկայացնեն իրենց նկատառումները,  համաձայնությունը կամ առարկությունը։ Գրասենյակ դիմելու հաջորդ օրը սովորողը և նրա օրինական ներկայացուցիչը էլեկտրոնային նամակով  ստանում և լրացնում են «Ուսումնառության պայմանագրի լուծման հիմնավորում» թերթիկը կամ տեղեկանում է պայմանագրի լուծմանը խանգարող հանգամանքների մասին։ Պայմանագիրը լուծվում է, երբ սովորողը (օրինական ներկայացուցիչը) կրթահամալիրին (գրադարանին, ծրագրի գրասենյակին, հաշվապահությանը և այլն) պարտք չունի, դպրոցի ղեկավարը (կազմակերպիչը), կրթահամալիրի տնօրենը ծնողի հետ զրուցելուց հետո հաստատել են պայմանագրի լուծման առաջարկը։ Կրթահամալիրից տեղափոխվող  սովորողների և նրանց օրինական ներկայացուցիչների  լրացրած թերթիկները պահվում են դպրոցի գրասենյակի էլեկտրոնային պահոցում (onedrive-ում)։
  1. Դպրոցի ղեկավարը նախաձեռնում է պայմանագրի լուծում.
  • Սովորողի կողմից կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում։
    Կրթահամալիրի սովորողի պարտականությունները որոշված են կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով (9.15-9.20 կետեր) և ուսումնառության մասին կնքած պայմանագրով: Սովորողի կողմից պարտականությունները չկատարելու կամ կարգապահական կանոնները խախտելու մասին ուսուցիչը գրավոր կամ բանավոր տեղեկացնում է դպրոցի ղեկավարին: Դպրոցի ղեկավարը խախտման մասին զրուցում է սովորողի հետ և բացատրագիր վերցնում նրանից: Ներքին կարգապահական կանոնների խախտումը կրկնվելու դեպքում դպրոցի ղեկավարը կարող է սովորողին հայտարարել նկատողություն, խիստ նկատողություն: Նկատողության մասին տեղեկացվում են սովորողի ծնողները և դպրոցի սովորողները: Էլեկտրոնային մատյանում գրառում է կատարվում նկատողության և դրա համար հիմք հանդիսացող խախտման մասին: Նկատողությունը հրապարակվում է դպրոցի կայքում։ Նույն սովորողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում «խիստ նկատողություն» տույժը երկրորդ անգամ կիրառելուց առաջ դպրոցի ղեկավարը սովորողի հարցը ներկայացնում է մանկավարժական խորհրդի քննարկմանը՝ ներառելով կրթահամալիրի բոլոր դասավանդողներին: Միջին և ավագ դպրոցների սովորողների հարցը քննարկվում է նաև սովորողների հետ՝ կրթահամալիրի խորհրդի սովորող անդամների նախաձեռնությամբ: Քննարկումների արդյունքում, եթե չի առաջանում դասավանդողների և (կամ) սովորողների խումբ, որը պարտավորություն է վերցնում սովորողի վարքի վերահսկումը, դպրոցի ղեկավարը սովորողին առաջարկում է տեղափոխվել այլ ուսումնական հաստատություն, միակողմանի լուծում է ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին, օրինական ներկայացուցչին: Պայմանագրի լուծման հիմքում դպրոցի ղեկավարը դնում է սովորողի ստացած կարգապահական տույժերը, դպրոցի ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։ Սովորողի պայմանագիրը լուծելու մասին դպրոցի ղեկավարը գրավոր տեղեկացնում է կրթահամալիրի տնօրենին։
  • Սովորողի, նրա օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում։ 
    Սովորողի և նրա օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու դեպքում դպրոցի ղեկավարը սովորողին հիշեցնում է դրա մասին։ Եթե շարունակում է խախտվել պայմանագիրը, դպրոցի ղեկավարը դպրոց է հրավիրում օրինական ներկայացուցչին՝ զրույցի, որի արդյունքը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին` պայմանագրում փոփոխություն անել, կամ պայմանագիրը լուծել։ Պայմանագրի լուծումից առաջ դպրոցի ղեկավարը խորհրդակցում է դպրոցի մանկավարժական խորհրդի հետ, ստանում  ուսուցիչների գրավոր կարծիք-երաշխավորությունները։
  • Կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող պահանջները սովորողի կողմից չապահովելու դեպքում։
    Կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող պահանջները սովորողի կողմից չապահովելու դեպքում կիսամյակի վերջում (ուսումնական առաջին-երկրորդ շրջաններ և երրորդ-չորրորդ շրջաններ) դպրոցի ղեկավարը, խորհրդակցելով մանկավարժական խորհրդի հետ, միակողմանի լուծում է ուսումնառության պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով սովորողին և օրինական ներկայացուցչին:
  1. Պայմանագրի լուծումը` որպես լրացում, կցվում է պայմանագրին։ Այնտեղ նշվում են պայմանագրի լուծման օրը, հիմքերը։ Պայմանագրի լուծումից հետ դպրոցի գրասենյակի ղեկավարը ՀՀ ԿԳՆ ընդունած կարգով շարունակում է սովորողի` դպրոցից տեղափոխվելու գործընթացը և սովորողների շարժմատյանում համապատասխան գրանցում անում։

Դպրոցը սովորողին տրամադրում է ԿԳ նախարարի 2011թ. 1640-Ն հրամանով որոշված փաստաթղթեր (դրանց էլեկտրոնային տարբերակներ): Եթե «Իմացումի հրճվանք» ծրագրի սովորողը ծրագրից դուրս է գալիս մինչև դրա ավարտը՝ ՀՀ ԿԳՆ սահմանված կարգով 4-րդ դասարանի ստուգումների արդյունքում 5-րդ դասարան տեղափոխվելը, նրան տրված փաստաթղթում նշվում է իր տարիքային խմբին համապատասխան դասարանը:


MSKH

Edit Delete