Ուսումնական նախագծի մշակում և իրականացում. կարգ
Ուսումնական նախագծերը որոշվում
են կրթահամալիրի ուսումնական օրացույցով, սովորողների, ուսանողների (այսուհետ՝ սովորող) նախասիրությունների
զարգացման ակումբների, կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված
դասընթացների, լրացուցիչ կրթական ծրագրերով, հեղինակային կրթական ծրագրերի պետական
աջակցության պայմանագրի հավելվածով, անհատական նախաձեռնությամբ։ Ուսումնական տարվա
ընթացքում դասավանդողի կամ սովորողի նախաձեռնած նոր նախագիծը, արդեն
մեկնարկած նախագծի զարգացումը դպրոցի, մասնախմբի, ակումբի, դասարանի
օրացույցում, դասավանդողի, սովորողի անհատական պլանում գրանցվում է սահմանված
կարգով հրապարակվելուց հետո։ Անհրաժեշտության դեպքում արվում են փոփոխություններ
նաև ակումբի, դասընթացի, լրացուցիչ կրթության ծրագրում:
Ուսումնական նախագծերը բաց
են, մշակվում և իրականացվում են որպես դասավանդողների և սովորողների համատեղ
ուսումնական աշխատանք։ Կրթահամալիրի ուսումնական տոնացույցով, հեղինակային
կրթական ծրագրերի պետական աջակցության պայմանագրի հավելվածով որոշված նախագծերի
համակարգողին նշանակում է կրթահամալիրի տնօրենը` որոշելով դա
որպես մանկավարժական աշխատողի հիմնական կամ լրացուցիչ
աշխատանք. դպրոցների ղեկավարները իրենց ղեկավարած մասնաճյուղում որոշում են
այդ ստուգատեսի՝ դպրոցի պատասխանատուին։
Ուսումնական նախագծերն
իրականացվում են կրթական ծրագրի աշխատակարգով (դասացուցակով) կազմակերպվող
ուսումնական պարապմունքների ժամանակ, նախագծային ուսուցում իրականացնող
դասավանդողի բլոգում հրապարակված կարգով կամ որպես լրացուցիչ ուսուցում, նախագծի
ծրագրով որոշված կարգով և ժամկետներում։
Ուսումնական նախագիծն ունենում է իր էջը մասնակիցների և ղեկավարի, դասարանի, ակումբի, խմբի ուսումնական բլոգներում, դպրոցի կայքում։ Նախագծի կազմակերպիչները հրապարակում են նախագծի հայտարարությունները, հրավիրում մասնակցելու կրթահամալիրի, դպրոցի, ուսումնական կենտրոնի, ակումբի գործընկերներին, ապահովում նախագծի բաց լինելը։ Ամենամյա ստուգատեսը, կրթահամալիրային նախագիծը mskh.am-ում ունենում է իր ենթակայքը կամ էջը, որը վարում են նախագծի պատասխանատուները։
Ուսումնական նախագիծը (վերնագիր,
բովանդակության սեղմագիր (անոտացիա), նկարագրություն, իրականացման ժամկետներ,
հիմնական մասնակիցներ, հնարավոր մասնակիցներ, ակնկալվող արդյունքներ)` նախագծի
մեկնարկից առնվազն մեկ շաբաթ առաջ, նախագծի հաշվետվությունը` ավարտից
առավելագույնը մեկ շաբաթ հետո հրապարակվում են կրթահամալիրի մասնաժողովում,
իրականացման ընթացքի լուսաբանումը, արդյունքները հրապարակվում են ուսումնական
անհատական և խմբային բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում։ Նախագծերը,
արդյունքները ներկայացվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված
ստուգատեսներին, հրապարակային հաշվետվությունը՝ հեղինակային կրթական ծրագրի
ստեղծագործական հավաքներին, ամփոփվում են կլոր սեղան-հավաքով։
Նախագծի իրականացման փուլում այն
իրականացնողների (յուրաքանչյուր մասնակցի) աշխատանքը կոնկրետ է։ Դա երևում է
նախագծի նկարագրության մեջ, մասնակցի անհատական աշխատանքային պլանում,
բլոգում։
Ստուգատեսի արդյունքների
հրապարակային ամփոփումը նույնպես ուսումնական նախագիծ է` կլոր սեղան, ներկայացում,
համերգ, ցուցադրություն, կամ ստուգատեսի ծրագրով որոշված այլ ձևով, մասնակցում են
հատուկ խմբեր կրթահամալիրի դպրոցներից (նույն բովանդակության, նման նախագծեր
իրականացնող դասավանդողներ, սովորողներ, լրագրողներ), նախագծի մասնակից
սովորողների ծնողները և այլ հրավիրյալներ։ Ստուգատես-ուսումնական նախագծի
ամփոփումից հետո համակարգողը ներկայացնում է հաշվետվություն կրթահամալիրի
տնօրենին, վարչական խորհրդին, մասնաժողովին, որը պարունակում է տվյալներ
կազմակերպիչների, կրթահամալիրի դպրոցների և կրթական փոխանակումների ծրագրով այլ
սովորողների մասնակցության, հրապարակված նյութերի, նախագծի շրջանակում իրականացված
ճամփորդությունների և դրանց մասնակիցների, արդյունքների, հանրապետական
ԶԼՄ-ներում լուսաբանման մասին։ Հաշվետվության հիման վրա կրթահամալիրի աշխատողներին
նշանակվում են լրավճարներ, մասնակից սովորողներին և աշխատողներին տրվում են
մրցանակներ։
Ուսումնական նախագծի
նախաձեռնումը և իրականացումը դասավանդողի, սովորողի, խմբի ուսումնական
գործունեության, կրթական ծրագրի իրականացման կարևոր ցուցանիշ է։