Մանկավարժական աշխատողի ընդունելության կարգ.

Հաստատված է 2020թ. օգոստոսի 3-ին

  1. Թափուր պաշտոն կրթահամալիրում

Կրթահամալիրում մանկավարժական թափուր (այդ թվում՝ ժամանակավոր թափուր) պաշտոնի առկայությունը որոշում է կրթահամալիրի տնօրենը՝ դպրոցի ղեկավարի հիմնավորված հայտի (հայտում՝ նաև պաշտոնի թափուր լինելու ժամկետները) հիման վրա:
Կրթահամալիրում մանկավարժական աշխատողի թափուր պաշտոնը զբաղեցնում է կրթահամալիրի մասնագետների բանկում ընդգրկված մասնագետը: Եթե ֆիզարձակուրդից վերադարձողների մեջ կամ մասնագետների բանկում համապատասխան մասնագետ չի լինում, տրվում է հայտարարություն կրթահամալիրի կայքում, թափուր պաշտոնը գրանցվում է «Գործատու» բաժնում, հայտարարությունը տարածվում է համացանցով։ Մինչև կրթահամալիրում սահմանված կարգով նոր մասնագետի ընտրությունը կրթահամալիրի տնօրենը թափուր պաշտոնի համար կարող է ժամանակավոր աշխատանքի ընդունել համապատասխան որակավորում ունեցող անձի։
Հայտարարության հիման վրա դիմած նոր մասնագետները նույնպես սահմանված կարգով գրանցվում են մասնագետների բանկում։

  1. Կրթահամալիրի մասնագետների բանկ

Կրթահամալիրի մասնագետների բանկում ընդգրկվելու համար թեկնածուն.

  • մասնակցում է հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստման՝ առկա կամ հեռավար, իր ընտրությամբ.
  • համապատասխան հայտը լրացնելու միջոցով գրանցվում է կրթահամալիրի «Գործատու» բաժնում.
  • կրթահամալիրի դպրոցում, քոլեջում, ուսումնական կենտրոնում իրականացնում է երկու շաբաթից մինչև մեկ ամիս տևողությամբ կամավորական աշխատանք՝ ուսումնական նախագծերի ձևով.
  • կրթահամալիրում մանկավարժական բաց ճամբարների ժամանակ՝ սովորողների աշնանային, ձմեռային, գարնանային արձակուրդներին, հունիսին, օգոստոսին, մասնակցում է կրթահամալիրում մանկավարժական բաց ճամբարներին.
  • ունենում և վարում է իր ուսումնական բլոգը.
  • վերապատրաստման, ուսումնական նախագիծ իրականացնելու, մանկավարժական ճամբարի ընթացքում մասնակցում է կրթահամալիրի հավաքներին, առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիա-ուրբաթ ընդհանուր պարպմունքների.
  • հետևում է իր էլեկտրոնային փոստին, պատասխանում նամակներին։

Նրա հետ շփվող կրթահամալիրի աշխատողները իրենց կարծիքը թեկնածուի մասին գրավոր ուղարկում են գործատու բաժնին:

«Մասնագետների բանկ» կոչվող փաստաթուղթը վարում է կրթահամալիրի «Գործատու» բաժնի համակարգողը՝ կադրերի տեսուչը։ Փաստաթուղթը հասանելի է կրթահամալիրի տնօրենին, դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մանկավարժության լաբորատորիաների ղեկավարներին, վերապատրաստում, մանկավարժական ճամբար կազմակերպող աշխատողներին։ Գործատու բաժինը նրանց ներկայացմամբ մասնագետների բանկում գրանցում է տեղեկությունները կրթահամալիր դիմող մասնագետների մասին՝

  • անուն, ազգանուն
  • CV-ն՝ հղումը, որը չի պարունակի անձնական տվյալներ՝ հասցե, հեռախոս, դրանք կպահվեն կադրերի տեսուչի համապատասխան թղթապանակում:
  • էլեկտրոնայի փոստի հասցեն
  • ուսումնական բլոգը
  • վերապատրաստման մասնակցություն, հայտ, մանկավարժական ճամբարի մասնակցություն, կամավորական աշխատանքի մասնակցություն (ժամկետներ).
  • վերապատրաստման, ճամբարի կազմակերպիչների, կամավորական աշխատանքի, իրականացված նախագծի մասին մասնաճյուղերի ղեկավարների, այլ աշխատողների կարծիքներ.
  • նախագծի իրականացման արդյունքներ, պահանջվող հմտությունների, գործունեության ցուցանիշներ,
  • երաշխավորություններ։
     
  1. Թափուր պաշտոնի լրացում

Կրթահամալիրի տնօրենը որոշում կայացնելուց առաջ առաջարկությունը քննարկում է վարչական խորհրդի հերթական նիստում, որոշում կայացնելուց հետո նոր աշխատողին ներկայացնում է կրթահամալիրի աշխատողների հերթական ժողովին, սեբաստացիներ կրթական համայնքին, կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստին։

Մանկավարժական աշխատողը կրթահամալիր ընդունվում է որոշակի ժամկետով՝ աշխատանքային պայմանագրում նախատեսելով եռամսյա փորձաշրջան։ Փորձաշրջանի ընթացքում դպրոցի (քոլեջի) ղեկավարը, սկսնակ աշխատողի մենթորը, մանկավարժական լաբորատորիայի ղեկավարը օգնում են, որ աշխատողը ամբողջապես ներառվի հեղինակային կրթական ծրագրում, գործատու բաժնի խնդրանքով պարբերաբար ներկայացնում են իրենց դիտարկումները նրա աշխատանքի, արդյունքների, հեղինակային կրթական ծրագրի մանկավարժական աշխատողին անհրաժեշտ հմտությունների մասին։ Դպրոցի ղեկավարն, ըստ անհրաժեշտության, ապահովում է նաև սովորողների, ծնողների վերաբերմունքի ուսումնասիրություն։

Փորձաշրջանի ավարտից առաջ գործատու բաժինը կրթահամալիրի վարչական խորհրդին  ներկայացնում է փորձաշրջանի արդյունքների գնահատումը, նրա հետագա աշխատանքի հիմնավորումները։

Փորձաշրջանի արդյունքով դուրս մնացող աշխատողը կարող է իր անհամաձայնությունը ներկայացնել գործատուին՝ կրթահամալիրի տնօրենին, դիմել կրթահամալիրի արհեստակցական կազմակերպությանը, խաղարկային դատարան, կրթահամալիրի խորհրդին՝ բերելով հիմնավորումներ.

  • բլոգավարության ցուցանիշներ՝ հրապարակված տեքստ, մեդիանյութեր, բլոգի տեսքի, բաժինների, վարման մասին տեղեկանք.
  • աշխատելու ընթացքում յուրացված հմտությունների ցուցանիշներ՝ մարզական,  տեխնոլոգիական,
  • իր ղեկավարած ուսումնական նախագծերը, դրանց լուսաբանումը, տարածումը, դրանց նկատմամբ հրապարակված վերաբերմունքը՝ սովորողների, ծնողների, մասնագետների.
  • հեղինակային կրթական ծրագրում ներդրում՝ ուսումնական նոր նյութեր, հոդված «Դպիրում».
  • ուսումնական ճամփորդությունների ղեկավարում, մասնակցություն.
  • կրթահամալիրային նախագծերի գործուն մասնակցություն.
  • կրթահամալիրում իր ձեռքբերումները.
  • այլ։

Փորձաշրջանը անցած մանկավարժական աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ կրթահամալիրի «Գործատու» բաժինը վարչական խորհրդին ներկայացնում է նրա գործունեության արդյունքները՝ դպրոցի, քոլեջի ղեկավարի կարծիքը, նրա հետ շփված մանկավարժական աշխատողների կարծիքը, ուսումնական բլոգի ուսումնասիրության արդյունքը:

Վարչական խորհրդի որոշմամբ աշխատանքային պայմանագիրը ընդհատվում է կամ շարունակվում՝ անժամկետ:

Հիշեցում։ Եթե պայմանագրում նշված ժամկետում աշխատողի պայմանագիրը չի լուծվում, այն համարվում է կնքված անորոշ ժամկետով:


MSKH

Edit Delete