Ճամբարի կազմակերպման կարգ
Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին
Հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական 2-րդ, 4-րդ շրջանները կազմակերպվում են որպես ձմեռային, ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ` ճամբար), որոնց սկիզբն ու ավարտը որոշվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով:
Ձմեռային ճամբարին մասնակցում են ծրագրի բոլոր սովորողները, դասավանդողները: Ամառային ճամբարին չեն մասնակցում հիմնական և միջնակարգ դպրոցի շրջանավարտ սովորողները: Սովորողի ծնողի մասնակցությունը խրախուսվում է: Ճամբարականների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ դպրոցների սովորողներ ու դասավանդողներ, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել իրենց նախաձեռնությամբ, կամ որոնց հրավիրել են ծրագրի սովորողները, դասավանդողները:
Ճամբարի գործունեությունը ղեկավարում է դպրոցի ղեկավարը կամ կրթահամալիրի տնօրենի նշանակած մանկավարժական այլ աշխատող: Ճամբարի նախապատրաստական աշխատանքը ղեկավարն սկսում է առնվազն 15 օր առաջ (ջոկատների որոշում, ջոկատի ղեկավարների հետ` աշխատակարգի, իրականացվող նախագծերի որոշում)։ Ճամբարի ղեկավարը ճամբարի գործունեությունն սկսելուց առնվազն մեկ շաբաթ առաջ կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում կատարելիք աշխատանքների ցանկը, դրանց կատարման համար անհրաժեշտ գործիքների, նյութերի ձեռքբերման հայտը, այն սովորողների ցուցակը, ովքեր կարող են հյուրընկալել մարզերից եկած սովորողների:
Ճամբարի մասնակիցները բաժանվում են ջոկատների: Ջոկատը կրթահամալիրի տնօրենի հրամանով կարող է ճամբար կազմակերպել նաև կրթահամալիրից դուրս: Ճամբարի աշխատակարգում ամեն օր կան ընդհանուր հավաքներ` ընդհանուր պապապմունք-տողան, ծիսական-երաժշտական, մարզական, այլ, ճամփորդություններ։ Յուրաքանչյուր ճամբարական առնվազն մեկ անգամ մասնակցում է ուսումնական ճամփորդության` առանց գիշերելու:
Մասնակիցների սնունդը և ուսումնական ճամփորդությունները կազմակերպվում են ծնողների միջոցներով (տնօրենը կարող է հատկացնել նաև այլ գումարներ):
Մարզերից եկած սովորողների գիշերակացը կազմակերպվում է երևանցի սովորողների ընտանիքներում կամ կրթահամալիրի կացարաններում:
Ճամբարի գործունեության ավարտից հետո մեկ շաբաթվա ընթացքում ղեկավարը ներկայացնում է հաշվետվություն, որում արտացոլվում են.
- մասնակիցների թիվը` ըստ ջոկատների, ըստ օրերի (ցուցակները կցվում են),
- ըստ օրերի ֆինանսական ծախսերը` նշելով կրթահամալիրի ներդրումն առանձին, ծնողներինն առանձին, այլ ներդրումներն առանձին,
- ուսումնական ճամփորդությունների նախապատրաստումը, դրանց հաշվետվությունները (ճամփորդության մեկնողների ցուցակը կցվում է),
- նախատեսված և կատարված հանրօգուտ, արտադրական աշխատանքների ցանկը (որտե՞ղ, ի՞նչ աշխատանքներ),
- նախատեսված և կատարված հետազոտական, ստեղծագործական աշխատանքների ցանկը,
- բազմօրյա արշավների նախագծերը.
- ճամբարային շրջանում ընթացող ստուգատեսների մասնակցության ցուցանիշները.
- ճամբարականների նախաձեռնությունները։
Ճամբարում կատարված ստեղծագործական-հետազոտական ավարտուն աշխատանքները և մշակված, իրականացված նախագծերը ներկայացվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներում: