Կրթական փոխանակումների նախագծի մշակման և իրականացման կարգ
Կրթական փոխանակում է համարվում
այն նախագիծը, որը նախատեսում է գոնե մեկական փոխադարձ այցելություն: Նախագիծը
մշակում է դրա հեղինակը՝ մանկավարժական աշխատողը, նախագծին մասնակցող սովորողների
խմբի հետ միասին: Հեղինակը նախագիծը ներկայացնում է հայրենագիտության, ուսումնական
ճամփորդությունների և կրթական փոխանակումների ուսումնական կենտրոն: Կենտրոնի
ղեկավարը նախագիծը ուսումնասիրելուց հետո կրթահամալիրի տնօրենին է ներկայացնում
հրամանի նախագիծ:
Նախագծի
հեղինակ մանկավարժական աշխատողը կրթահամալիրից գնացող խմբի ղեկավարն է, ինչպես նաև
կրթահամալիր եկող խմբին ընդունելու պատասխանատուն: Նախագիծն ունենում է
հեղինակային կրթական ծրագրի ներկայացման, կրթահամալիրի ուսումնական օրացույցով
որոշված ստուգատեսների ներկայացման, համատեղ ուսումնական պարապմունքների, այդ թվում՝
մարզական, երգի-պարի, ուսումնական ճամփորդությունների, բարձունքի հաղթահարման,
պլեների, համատեղ ուսումնական նախագծի բաղադրիչներ։
Կրթահամալիր
եկող խումբը կարող է տեղավորվել կրթահամալիրի սովորողների տներում, կրթահամալիրի
կացարաններում, կրթահամալիրի առանձին դպրոցներում: Նախագիծը իրականացնելու համար
կրթահամալիրի տնօրենը տալիս է համապատասխան հրաման:
Նախագծի
նախապատրաստական աշխատանքները, նախագծի ընթացքը լուսաբանվում են mskh.am կայքում և
համապատասխան ենթակայքերում: Նախագծի հերթական փուլի ավարտից հետո ղեկավարը սահմանված
տեսքի հաշվետվություն է ներկայացնում հայրենագիտության, ուսումնական
ճամփորդությունների և կրթական փոխանակումների ուսումնական կենտրոն, որը տեղադրվում
է ուսումնական կենտրոնի բլոգում: