Թվային միջոցներով սովորողի ուսուցումը կազմակերպելու կարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերով ուսուցումը կազմակերվում է ուսումնական թվային միջոցների կիրառմամբ։ Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուքով կամ պլանշետով։ Մասնաշենքերը՝ իրենց բակ-պարտեզներով, ապահովված են անլար ինտերնետով։

Կրթահամալիրի բազմալեզու mskh.am կայքը, ենթակայքերը, մեդիագրադարանը, ուսուցիչների և սովորողների ուսումնական բլոգները, մանկավարժական, պատանեկան, մանկական ամսագրերը ՏՀՏ հմտությունների զարգացման լիարժեք միջավայր են։

  • Հինգ տարեկանների մեկամյա զարգացման ծրագիր։ Ուսումնական գործունեության ընթացքում սաները սովորում են թվային տեխնիկան՝ համակարգիչը, հեռուստացույցը, ֆոտոխցիկը, ձայնագրիչը անվտանգ և խնամքով օգտագործելուն: Յուրացնում են որևէ նկարչական ծրագիր, սովորում են նկարել և պահպանել իրենց աշխատանքը։
  •  1-3-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները սովորում են թվային տեխնիկան՝ համակարգիչը, հեռուստացույցը, հեռախոսի ֆոտոխցիկը, ձայնագրիչը անվտանգ և խնամքով օգտագործելուն: Յուրացնում են որևէ նկարչական ծրագիր, սովորում են օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր, դասավանդողների բլոգները, տիրապետում են գրագետ որոնման հմտություններին: Համացանցը, համակարգիչը օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար: Սովորողը սկսում է տիրապետել անձնական էլեկտրոնային հասցե վարելու հմտություններին։ 1-2-րդ դասարաններում խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը, 3-րդ դասարանցիները վարում են իրենց ուսումնական բլոգները։
  •  4-5-րդ դասարան: Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է իր նախընտրած տեքստային խմբագրիչը, հեռախոսի -ձայնագրիչը, ֆոտոխցիկը, համացանցում անվտանգ որոնման հմտությունները, տեսա և ձայնամոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակարպելու ծրագիր (օրինակ՝ Microsoft Power Point):Ուսումնական գործունեության ընթացքում սովորողը ստեղծում է էլեկտրոնային ուսումնական նյութ,  ֆիլմ,  ռադիոնյութ։Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային ամպային տարածքներից օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ամենօրյա ուսումնական աշխատանքն է:
  •  6-9-րդ դասարան:  Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրիչով, ներկայացումներ պատրաստելու ծրագրով, կարողանում է մոնտաժել ձայնանյութեր և տեսանյութեր, օգտվել տարբեր որոնողական հարթակներից, էլեկտրոնային բառարաններից և քարտեզներից, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրերից, գործածել ամպային համակարգերը, վարում է սեփական ուսումնական բլոգը, որում սահմանված կարգով արտացոլվում է ուսումնական գործունեությունը: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել:  Ծանոթանում է համացանցային անվտանգության, էթիկայի նորմերին:
  • 10-12-րդ դասարան: Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն ստանում է գիտելիքներ տեղեկույթի, դրա ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մասին. ստեղծում է էլեկտրոնային ուսումնական նյութ,  ֆիլմ,  ռադիոնյութ.  սովորում  է գնահատել համացանցում ներկայացված տեղեկատվության վստահելիությունը, վարում է իր ուսումնական բլոգը, կիրառում է համացանցում աշխատելու բարոյական նորմերը: Զարգանում են համակարգչային ծրագրերով, համացանցային տարածքներում աշխատելու կարողությունները:  Սովորողը կարողանում և սովորում է օգտագործել համացանցային ռեսուրսները հետազոտական աշխատանք գրելու համար։

MSKH

Edit Delete