Արշավային ճամբարի կազմակերպման կարգ

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններով 3-8-րդ դասարանում սովորողը տարեկան մեկ անգամ մասնակցում է արշավային՝ 9-11-րդ դասարանում՝ ռազմամարզական ճամբարի (այսուհետ՝ ճամբար)։ Ճամբարները կազմակերպվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ուսումնական հինգերորդ շրջանում, երկրորդ, չորրորդ (ճամբարային) շրջաններում, առաջին և երրորդ շրջանների նախագծային ուսուցման շաբաթներում, աշնանային, ձմեռային, գարնանային ուսումնական արձակուրդների ընթացքում։ Ճամբարները կազմակերպվում են կրթահամալիրի «Դպրոց բնության գրկում» ուսումնական կենտրոնում՝ Արատեսում, Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ափին կրթահամալիրի վրանային ճամբարում, այլ վայրում։ Վրանում, թե այլ կացարանում կազմակերպվող ճամբարում կենցաղը, ըստ հրապարակված օրակարգի, նախագծի, կազմակերպում են ճամբարի մասնակիցները՝ սնունդ, ճամբարի խնամք, մաքրություն, ուսումնական նախագծեր, ժամանց։ Ճամբարների ժամանակացույցը կազմում են դպրոցների, քոլեջի ղեկավարները։ Ճամբարները կազմակերպվում են նրանց հայտով, կրթահամալիրի տնօրենի հրամանով։

Ճամբարների բովանդակությունը կազմվում է հետևյալ բաղադրիչներից՝ հայրենագիտական, բնագիտական բնապահպանական գործունեություն, միջավայրի խնամք, մարզական, ռազմամարզական պարապմունքներ, երկրագործական աշխատանք, բարձունքների հաղթահարում, քայլարշավներ, երաժշտություն-ծես, խարույկ, քննարկումներ։Գործունեության առանձին ուղղություններ կարող են կազմակերպվել «Սովորող սովորեցնող» նախագծով։ Ռազմամարզական ճամբարի ծրագրով ռազմամարզական պարապմունքների սովորողները կարող են մասնակցել նաև ՊՆ զորամասերում, կրակատեղիներում՝ համապատասխան նախագծով։ Ռազմամարզական ճամբարների պատասխանատուն ճամբարի ղեկավարի հետ լինում է ռազմական գործի մասնագետ զիվորական։

Ճամբարային նախագիծը կազմվում է սովորողների մասնակցությամբ, նրանց հետ քննարկելով ճամբարի բովանդակությունը, աշխատակարգը, ճամփորդության երթուղին, հայրենագիտական կանգառները, անհրաժեշտ իրերի ցանկը և այլն։

Նախագիծը քննարկվում է հայրենագետների, մարզիչների մասնախմբերում, մասնագետների, տեղանքում բնակվող և տեղանքին ծանոթ անձանց հետ, Արատեսում երկրագործական աշխատանքները որոշվում են ուսումնական կենտրոնի ղեկավարի, տնտեսվարի ցուցումով։

Կրթահամալիրի ճամբարներում կան առաջին բժշկական օգնության համար անհրաժեշտ դեղորայք, նյութեր, ջոկատը իր հետ դպրոցի բուժկետից տանում է բուժարկղիկ։

Ճամբարի կազմակերպիչ մանկավարժական աշխատողը ճամբարի հաստատված նախագիծը ուղարկում է մասնակիցների էլեկտրոնային հասցեներին, ճամբարի հրամանին նամակով անհատապես տեղեկացնում է նաև սովորողների ծնողներին։ Ռազմամարզական ճամբարներին անհարգելի չմասնակցած սովորողների հետ ուսումնառության պայմանագիրը լուծվում է՝ սահմանված կարգով։ Առողջական խնդիրներ ունեցող սովորողները ներկայացնում են ճամբարին նրանց մասնակցության անհանարինությունը փաստող բժշկական տեղեկանք։

Ճամբարներից վերադառնալուց հետո դասավանդողներն ու սովորողները իրենց բլոգներում հրապարակում են հաշվետվություններ։


MSKH

Edit Delete