Աշխատողի բացակայության տեղեկացման մասին կարգ

Աշխատողի օրվա աշխատակարգը որոշվում է նրա անհատական պլանով, որը հրապարակված է աշխատողի անհատական բլոգում: Աշխատակարգը ներկայացվում է հաստատման համապատասխան օղակի ծրագրի ղեկավարի կողմից և հաստատվում է կրթահամալիրի տնօրենի կողմից։ Անրաժեշտության դեպքում աշխատողի աշխատակարգում փոփոխություն կարող է կատարվել գործատուի (կրթահամալիրի տնօրենի) կամ նրա ներկայացուցչի (մասնաճյուղի ղեկավարի) որոշմամբ՝ հրամանով:

Աշխատողի համար բացակայություն է համարվում օրվա անհատական պլանի չկատարումը։

Հիմքում՝ բացակայող աշխատողին փոխարինման կարգն է:

Աշխատողի աշխատաժամանակի հաշվառումը (ներկա-բացակա, ուշացում, փոխարինում) կատարվում է մասնաճյուղի գրասենյակի ղեկավարի կողմից։ Աշխատողների հաշվառման մատյանը կրթահամալիրի կադրերի տեսուչի էլեկտրոնային պահոցում է՝ հասանելի գործատուի գրասենյակին, մասնաճյուղերի և դրանց գրասենյակների ղեկավարներին, մանկավարժության կենտրոնի, լաբորատորիաների, մասնախմբերի ղեկավարներին։ Մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը հաշվառման մատյանը լրացնում է աշխատանքային օրվա սկզբում։ Օրվա ընթացքում նա մատյանում գրանցում է աշխատողի ամեն մի կոնկրետ ուշացումը (ուսումնական պարապմունքից, սեմինարից, այլ):

Աշխատողը բացակայելու մասին մանաճյուղի, մասնաճյուղի գրասենյակի ղեկավարներին դիմում կամ տեղեկացնում է (արձակուրդի, հիվանդության, տոնական առիթի, արտակարգ պատահարի, համաճարակի կամ այլ պատճառով) էլեկտրոնային նամակով, նախօրոք, առնվազն բացակայությանը նախորդ օրը՝ կցելով բացակայության ընթացքում իրեն փոխարինելու իր առաջարկած տարբերակը: Նախօրոք տեղեկացման անհնար լինելու դեպքում աշխատողն իր բացակայելու կամ ուշանալու մասին անձամբ կամ զանգով տեղեկացնում է մասնաճյուղի ղեկավարին և մասնաճյուղի գրասենյակի ղեկավարին:

Աշխատողի բացակայելու և բացակայության ընթացքում նրան փոխարինելու մասին տեղեկությունը մասնաճյուղի գրասենյակի ղեկավարը փոխանցում է կրթահամալիրի կադրերի տեսուչին:

Աշխատանքային օրվա ընթացքում վատ զգալու դեպքում աշխատողը, եթե անհրաժեշտ է համարում, դիմում, տեղեկացնում է կրթահամալիրի բուժաշխատողին (անհրաժեշտության դեպքում գործընկերոջ օգնությամբ) կամ դպրոցի գրասենյակի ղեկավարին: Գրասենյակի ղեկավարը գրանցում է պատահարը և կազմակերպում աշխատողի փոխարինումը կամ՝ աշխատողն աշխատանքը հեռավար է կազմակերպում:

Աշխատողը կարող է մինչև երկու օր բացակայել իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ և միջնորդությամբ: Առանց բժշկական թերթիկի երկու օրից ավելի բացակայելու համար (բացառություն՝ համաճարակային իրավիճակ, պատերազմական, այլ արտակարգ իրավիճակներ, ուսումնական ճամփորդություններ, գործուղումներ, սեմինարներ) աշխատողի դիմումով նրան կարող են տրվել իր հերթական վճարվող արձակուրդից օրեր կամ աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ չվճարվող արձակուրդ: Աշխատողի բացակայության կամ ուշացման հարգելի-անհարգելի լինելը՝ կապված կոնկրետ դրվագի հետ, որոշվում է գործատուի կողմից՝ հաշվի առնելով մասնճյուղի ղեկավարի առաջարկը, ըստ անհրաժեշտության՝ աշխատողի բացատրությունը:

Աշխատանքային ժամանակահատվածում կրթահամալիրից դուրս մասնագիտական աշխատանքի (վերապատրաստում, գիտաժողով, կոնֆերանս, հանդիպում, ցուցահանդես, համերգ, մրցույթ, և այլ) գնալու համար աշխատողը առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր դիմում է գործատուին` նշելով այդ աշխատանքի ժամկետները, տեղը, կազմակերպչին և բերելով այդ աշխատանքին իր մասնակցության հիմնավորումներ, կցելով փաստաթղթեր՝ հրավեր, հայտարարություն, միջնորդություն և այլն, իր կատարելիք աշխատանքի կազմակերպմանն առնչվող առաջարկները։ Գործատուն մեկնումից առնվազն մեկ օր առաջ հրամանով աշխատողի անհատական պլանում կատարում է փոփոխություն՝ աշխատավարձի պահպանումով կամ առանց պահպանելու, հրամանին կցելով անմիջական ղեկավարի ներկայացրած՝ փոխարինման կազմակերպումը և դասացուցակի փոփոխությունները։ Գործատուն աշխատողին այդպիսի աշխատանքի կարող է գործուղել իր նախաձեռնությամբ, դպրոցի կամ ուսումնական կենտրոնի, մասնագիտական խմբի ղեկավարի միջնորդությամբ։

Առանց զգուշացելու բացակայելը համարվում է անհարգելի: Աշխատողը մինչև հաջորդ օրը գրավոր բացատրություն է գրում կրթահամալիրի տնօրենին:

Աղբյուրը՝ կրթահամալիրի կայք

MSKH

Edit Delete