Արվեստի փառատոն. Ռակու

6/14/2024, 10:01:00 AM

Արվեստի փառատոն. Ռակու

Քնարիկ Ներսիսյան

«Ռակուն» կերամիկայի ճապոնական կրակման տեխնիկա է, այն ծնունդ է առել 16-րդ դարում` Կիոտոյի սալիկների արհեստանոցներից, սակայն խեցեղենը ժողովրդականություն է ձեռք բերել միայն դարավերջին, երբ արտադրությունը կենտրոնացած էր թեյի սպասքի պատրաստման վրա, որոնք դաջվում էին 楽 հիերոգլիֆներով: Ռակու տերմինը (բառացիորեն նշանակում է «հաճույք, երջանկություն» կամ «պարզություն, բնականություն») գալիս է Ջուրակուդայից, Կիոտոյի պալատից, որը կառուցվել է Ճապոնիան միավորող Տոյոտոմի Հիդեյոշիի (1537–1598) համար։ Պալատի կառուցմանը մասնակցել է թեյի հայտնի վարպետ Սեն նո Ռիկյուն, ով խնդրել է այնտեղ աշխատող գունավոր սալիկների վարպետ Տանակա Չոջիրոյին պատրաստել թասեր, որոնք կմարմնավորեն վաբի-սաբիի էսթետիկան։ Տանակա Չոջիրոն պատրաստեց պարզ ամաններ, որոնք համահունչ էին Զենի փիլիսոփայությանը և Ռիկյուի՝ թեյի իդեալական արարողության գաղափարին։ 

Վարպետ Չոջիրոյի ընտանիքին տրվել է Ռակու ազգանունը, և արդեն մի քանի դար այս ընտանիքի ավելի քան 15 սերունդ արտադրում է ռակու ոճով սպասք։ «Ռակու» բառը և «Ռակու» ոճը, որպես վաբի-սաբիի գեղագիտական ​​սկզբունքի մարմնացում, զգալի ազդեցություն են ունեցել ճապոնական գրականության և ամբողջ մշակույթի վրա։ «Ռակու»-ն ճապոնական խեցեգործության ավանդական տեխնիկան է, որը ներառում է խեցեղենի արագ կրակում բարձր ջերմաստիճանում և այնուհետև արագ սառեցումը՝ մակերեսի վրա յուրահատուկ և անկանխատեսելի նախշեր ստեղծելու համար: Այս գործընթացի արդյունքում ստացվում է յուրահատուկ ճռճռացող փայլ և մետաղական փայլ, որը բարձր է գնահատվում կերամիկայի աշխարհում:

«Ռակու» տեխնիկան կրթահամալիր մուտք գործեց արվեստագետ, խեցեգործ Վահրամ Գալստյանի միջոցով։ Մի քանի տարի արվեստագետի հետ միասին գեղարվեստի տարբեր, տարատարիք սովորողներ մասնակցել են «Ռակու»-ի աշխատարաններին։ Այս տարի եւս բացառություն չէր, նախ մայիսի 24-26-ին Արատեսում եղավ նախափառատոնային աշխատարան, այնուհետեւ «Արվեստի փառատոնի» շրջանակում։ Մասնակից սովորողներն ու արվեստագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Ռակու» կրակման տեխնիկայի բոլոր փուլերին։

Ավելին՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգում։