Ես ապրելու մասին եմ խոսում….

11/5/2023, 5:39:00 AM

Ես ապրելու մասին եմ խոսում….

Տիար Բլեյանը՝ Factor TV-ի «Երևանի ժամանակով» հաղորդման տաղավարում

Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, մենք վատ պաշտպանվեցինք, դրա համար կորցրեցինք Արցախը: Բոլորս` արցախցին, հայաստանցին, սփյուռքահայը, պետք է համերաշխության գանք, իսկ դա հնարավոր է գործողությունների միասնականության արդյունքում:

Արցախցիներն իրենց տներից դուրս են եկել ստիպված, բայց տները չեն այրել, դուռը բաց են թողել, և դա կանչող դուռ է։ Մեր տուն մտավ մեր հարազատը, չի կարելի ասել՝ արցախցիներին ապաստան տվեցինք: Մեր հայրենակիցներին պետք է ընդունել շիտակ ու անկեղծ, ոչ թե դատախազի պես՝ մեղքեր փնտրելով: Արցախցիների հետ մեր համատեղ կյանքը պետք է նախապատրաստում լինի վերադարձի, այլապես ինչպե՞ս ենք ապրելու այդ կորստով, մեղքի զգացումով: Ամեն մեկի արդարանալը, թե ինքը գիտեր՝ ինչ է լինելու, դատարկ խոսակցություն է, փրկելու է միայն վերադարձի կանչին հավատարիմ լինելը, մնացածը «սև», համբերատար աշխատանք է:

Արցախցիների հետ ապրելու պարտադրանքը ստիպում է, որ իրար ավելի լավ ճանաչենք։ Մենք իրար վատ ենք ճանաչել, անկեղծ չենք եղել 30 տարի: Կրթությունը պետք է օգներ հաղթահարելու այդ կեղծիքը, ոչ թե ստեղծել մեզ ձեռնտու իրադարձություններ, գրքերում գրել դրանք, իսկ ինչ-ինչ բաների մասին լռել: Այս շրջանը մեզ համար միասնական մի դպրոց է, այլևս չի կարելի ժամանակ մսխել․ պետք է լինել մոբիլ ու խնայող: Ցավոք, մենք չենք պատրաստվում ավելի վատ սցենարի․ թսթըս ենք ու անհոգ:

«Երևանի ժամանակով», զրույց Աննա Բաբաջանյանի հետ։  Մանրամասները` տեսանյութում:


Աղբյուրը՝  factor.am